Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 3

Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 3
21.05.2025 | 10:00

Հաղորդում հանցագործության մասին

Սկիզբը՝ այստեղ

Ադրբեջանը, ինչպես արդեն նշել ենք, մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլ հայադավի և վերջինիս ոհմակի առաջարկած «խաղաղության պայմանագիրը», ու ներկայացրել է նորանոր պահանջներ: Ընդ որում, չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ այդ պահանջների կատարումից հետո Ալիևը կստորագրի պայմանագիրը:

Քանի որ Նիկոլը տվել ու տվել է, Ալիևն էլ առել և առել, Բաքվի խանի և Ադրբեջանում այլոց ախորժակը բացվել է այնքան, որ արդեն ոչ միայն Սյունիքի միջանցքն են ուզում, այլև ողջ Սյունիքը, ավելին՝ գրեթե ողջ Հայաստանն են ուզում կլանել: Վկա՝ Ալիևի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, քաղաքական և այլ գործիչների բազմաթիվ հայտարարությունները, հրապարակավ արտահայտած սպառնալիքներն ու ցանկությունները, Բաքվում չդադարող խոսակցություններն, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան (Հայաստանի տարածքի մոտ 70 տոկոսը) ադրբեջանցիների վերադարձի մասին, ինչպես նաև այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն զինվել:

«Ադրբեջանը մեզ հրավիրում է քննարկել «արևմտյան Ադրբեջանի» հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքի 60- 70 տոկոսն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Մենք ասում ենք, որ Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա»,– հայտարարել է Նիկոլը վերջերս Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում:

Ադրբեջանը, այո, շարունակում է մեծ թափով զինվել, Իսրայելից, Թուրքիայից և այլ պետություններից ներկրումներով համալրել իր զենք- զինամթերքի, ռազմական տեխնիկայի առանց այն էլ չափազանց մեծ պաշարները՝ չնայած նրան, որ տարածաշրջանում գտնվող ոչ մի պետությունից (Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իրան), ինչպես նաև Ռուսաստանից իր դեմ պատերազմի սանձազերծման չի սպասում:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ, եթե Հայաստան ներխուժելու և իր հայտնի նպատակներն ուժով իրականացնելու նպատակ չունի: Ինչ- որ սադրանքով պատերազմ սանձազերծելու առիթ ստեղծելը դժվա՞ր է…

Հաջորդ անժխտելի փաստը, որին հարկ է ուշադրություն դարձնել, հետևյալն է. ինչպես արդեն հայտնի է, Նիկոլ հայադավը հրապարակայնորեն հայտարարել է Ալիևի նոր պահանջները կատարելու իր պատրաստակամության մասին: Նկատի ունենք, մասնավորապես, Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը, որում չի լինի հղում Անկախության հռչակագրին, Ադրբեջանին Սյունիքով ոչ թե ավտոմոբիլային ճանապարհ, այլ Հայաստանի ինքնիշխանության խախտմամբ միջանցք տրամադրելու (ընդ որում, ոչ թե մեկ այլ մի քանի տեղով, նաև՝ Մեղրիով) իր և իր ոհմակի պատրաստակամությունը:

Այո, միջանցքնե՛ր, որոնցով Ադրբեջանը և Նախիջևանը, վերջինիս տարածքով նաև Թուրքիան կկարողանան միմյանց հետ անարգել և անխոչընդոտ կերպով, առանց Հայաստանի սահմանային և մաքսային հսկողության, տրանսպորտային միջոցների երթևեկություն, մարդկանց ու բեռների տեղափոխում իրականացնել: Եվ, ահա, չնայած այս ամենին, Ադրբեջանը Հայաստանի նոր Սահմանադրության շարադրանքից Անկախության հռչակագիրն օտարելու վերաբերյալ Նիկոլի հայտարարությունից մեկ շաբաթ չանցած, ինչպես բնորոշ է իրեն, միանգամայն թուրքավարի պատասխանեց Նիկոլ հայադավի կողմից զիջման, կզելու այս հերթական պատրաստակամությանը և «խաղաղության պայմանագրի» առաջարկությանը:

Վերը նշվածում համոզվելու համար պետք չէ հեռուն գնալ, բավական է բացել Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածի կայքը և կարդալ ապրիլի 19- ով, 21- ով եւ 23- ով թվագրված պաշտոնական հաղորդագրությունները: Դրանցից առաջինում մասնավորապես նշված է. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։ Թերևս ավելորդ է բացատրել, որ Ադրբեջանի ՊՆ- ի այս հերթական կեղծիքի նպատակը հերթական սադրանքի, ագրեսիայի համար հող նախապատրաստելն է: Ադրբեջանի ԶՈւ նոր կրակոցները չուշացան, ինչպե՞ս կարող էին Զատկի օրով յուրովի՝ թուրքավարի «չշնորհավորել» Հայաստանին…

Հայաստանի «ՊՆ» կոչվածն իր հիշյալ հաղորդագրությունից 2 օր անց՝ ապրիլի 21-ին, հանդես եկավ նոր հաղորդագրությամբ , որում, մասնավորապես, նշված է.

«Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

Տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»:

Դժվար չէ պատկերացնել, որ այս հաղորդագրությունը կարդալուց հետո Ադրբեջանի ՊՆ- ում մի լավ ծիծաղել են. չէ մի չէ՝ հետաքննե՜լ, հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, թան էլ չէ, փրթած մածուն… Հետաքննելու, հրապարակային պարզաբանումներով հանդես գալու փոխարեն, Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլի 24- ի՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման նախօրեին, այն պահին, երբ Երևանում ընթանում էր դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ջահերով երթը, դարձյալ կրակել է Խոզնավարի վրա՝ այսպիսով պատասխանելով «ՊՆ» կոչվածի ապրիլի 21- ի հիշյալ կոչին ու Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագրին»: Միայն հրաշքով է, որ այս անգամ ևս զոհ կամ զոհեր չենք ունեցել Խոզնավարում:

Ահա Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտման կապակցությամբ Հայաստանի «ՊՆ» կոչվածի ապրիլի 23- ի պաշտոնական հաղորդագրությունն ամբողջությամբ .

«Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան- Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»։

Չգիտես արդեն՝ ծիծաղե՞լ թե լալ, լա՞լ թե ծիծաղել…

«Խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանի բոլոր ցանկությունների կատարմամբ, այսինքն՝ ստրկացուցիչ, մեր ազգային անվտանգությունը հարվածի տակ դնող ու մեր ազգային արժանապատվությունը նսեմացնող պայմաններով կնքելու Նիկոլ հայադավի արտահայտած պատրաստակամությանը Բաքվի հերթական ու թարմ արձագանքը մայիսի 12-ին և 13-ին Տավուշի Մովսես գյուղի գնդակոծումն է եղել:

Ադրբեջանի ԶՈւ- ն հրաձգային զինատեսակներից Մովսես գյուղի և տարածքում գտնվող Հայաստանի ԶՈւ դիրքերի գնդակոծումը սկսել է մայիսի 12- ի երեկոյան 23:00-ի կողմ և այն դադարեցրել միայն երեկ ժամը 11-ի կողմ: Գնդակոծման հետևանքով վնասվել է Մովսես գյուղի տներից մեկի տանիքը, զուտ բարեբախտությամբ զոհեր, վիրավորներ չենք ունեցել:

Ըստ էության, թուրքին ծառայող Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը, սակայն, հերթական անգամ անամոթաբար լռել է հայկական բնակավայրի ու դիրքերի վերոնշյալ գնդակոծության մասին, թաքցրել կատարվածը: Կարելի է ենթադրել, որ կատարվածը թաքցրել, Ադրբեջանի ագրեսիայի հերթական դրսևորման մասին լռել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի հանձնարարությամբ, ներքին հրամանով կամ պահանջով, քանի որ դա Նիկոլի «խաղաղության պայմանագրի» համատեքստից դուրս է, չի բռնում դրան… Ընդ որում, սա «պաշտպանության նախարարություն» կոչվածի կողմից նմանաբնույթ անթույլատրելի գործելակերպի առաջին դրսևորումը չէ, նախկինում նույնպես անդրադարձել ենք «ՊՆ» կոչվածի կողմից այսպիսի փաստերը հանրությունից թաքցնելու դեպքերից մի քանիսին:

Բնականաբար, հարց է առաջանում՝ այս պահին հրաժարվելով «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից ու մտադիր լինելով զավթել Հայաստանի տարածքը, գրավել նույնիսկ Երևանը, իրականացնել Սևանա լճում Ալիևի լողանալու և Երևանում թեյ խմելու Ալիևի երազանքը, Ադրբեջանն ինչո՞ւ հիմա չի գնում այդ քայլին, պատերազմ չի սանձազերծում Հայաստանի դեմ: Դժվար չէ հասկանալ, որ սպասում է ինչ- որ բանի: Իսկ այդ դեպքում ինչի՞…

  1. Ռուս- ուկրաինական, միաժամանակ Արևմուտք- Ռուսաստան հակամարտությունը դադարեցնելու, խաղաղության պայմանագիր կնքելու ԱՄՆ- ի միջնորդական ջանքերի տապալմանը, հակամարտության գոտում իրավիճակի, մեղմ ասած, սրմանը և Ռուսաստանի համար ծանր կացության առաջացմանը, ինչը, հատկապես, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի և ԵՄ- ի ջանքերով բացառված չէ:

Նկատի ունենք, հատկապես, «խաղաղապահներ»- ի անվան ներքո եվրոպական զորքերի հնարավոր մուտքն Ուկրաինա, եվրոպական մի շարք պետությունների և ԵՄ- ի կողմից նորանոր ֆինանսական հատկացումները՝ միլիարդավոր եվրոների տրամադրումն Ուկրաինային նորագույն ԱԹՍ- ների և սպառազինության այլ տեսակների արտադրության համար, ինչպես նաև զենք- զինամթերքի, ռազմական տեխնիկայի ուղղակի մատակարարումները: Մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի որոշմամբ Ուկրաինային «TAURUS KEPD 350/150» «օդ- երկիր» դասի մեծ հեռահարության ու բարձր ճշգրտության ավիացիոն թևավոր հրթիռների հնարավոր տրամադրումը , որոնք կարող են Ռուսաստանի համար գլխացավանք դառնալ: Նացիստի թոռ ու նացիստների բանակում ԽՍՀՄ-ի դեմ կռվածի որդի (https://ren.tv/longread/1312357-aristokraty-natsisty-temnye-piatna-biografii-budushchego-kantslera-mertsa ) Մերցն արդեն քանիցս հայտնել է նշված հրթիռներն Ուկրաինային տրամադրելու մտադրության մասին, այլ խնդիր է՝ դա քաղաքական ինքնագովազդի նպատա՞կն ուներ, թե նա վերջերս կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո գործնականում իսկապես կգնա այդ քայլին…

Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածին, եթե տապալվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ- Իրան բանակցությունները, ինչի վտանգը կա:

Եթե Ալիևի վերոնշյալ սպասումներն, ի վերջո, չարդարանան, նա կարող է ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվածը Հայաստանի նոր Սահմանադրության շարադրանքից Անկախության հռչակագրի օտարումից և ԵԱՀԿ Մինսկի խմբից Հայաստանի հրաժարվելուց հետո, ստորագրել, անշուշտ, իր կողմից թելադրված՝ Հայաստանի ազգային անվտանգությունը հարվածի տակ դնող, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խախտող, նվաստացուցիչ ու ստրկացուցիչ պայմաններով:

Իսկ գոնե դրանից հետո կապահովվի՞ խաղաղությունը… Փաստերի սթափ վերլուծությունը վկայում է, որ «խաղաղության պայմանագիր» կոչվածն, ըստ էության, պատերազմի պայմանագիր է, որը Նիկոլ հայադավը, որպես յուրօրինակ դանդաղ գործողության ական, ուզում է դնել Հայաստանի տակ: Ակա՛ն, որպեսզի այն պայթի, եթե Քեմալական պայմանագիրը չկարողանա վերարտադրվել և Հայաստանում իշխանության գա քիչ թե շատ ազգային որևէ գործիչ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ